Իրավունքի չարաշահում․ ընդհանուր դիտարկում

Օրենսդիրն իրավունքի սուբյեկտներին սուբյեկտիվ իրավունքներ վերապահելուց զատ, կանխորոշում է նաև այդ իրավունքների իրականացման սահմանները։ Եթե իրավունքի սուբյեկտը խախտում է օրենքով նախատեսված սահմանափակումները, ապա թույլ է տալիս իրավունքի չարաշահում։

Իրավունքի տեսությունը իրավունքի չարաշահումը բնորոշում է որպես թույլատրելի ընդհանուր վարքագծի շրջանակներում իրավունքներն իրականացնելիս իրավազոր անձի կողմից անթույլատրելի ձևերի օգտագործմամբ կատարվող իրավախախտման առանձնահատուկ տեսակ և այն պայմանականորեն դասակարգում է երկու հիմնական խմբի․

  • Իրավունքի չարաշահում, որը կատարվում է այլ անձանց վնաս պատճառելու ուղղակի մտադրությամբ (շիկանա)․
  • Իրավունքի չարաշահում, առանց այլ անձանց վնաս պատճառելու մտադրության, բայց օբյեկտիվորեն նրանց վնաս պատճառող․

Իրավունքի չարաշահումն արձանագրվում է, երբ առկա է, որպես կանոն, հետևյալ պայմանների համակցությունը.

  • Անձը պետք է ունենա համապատասխան սուբյեկտիվ իրավունքը,
  • Իրավունքի չարաշահումը տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքի իրացման ընթացքում. անձն առերևույթ գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան,
  • Անձի առերևույթ իրավաչափ գործողությունները հանգեցնում են պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերի խախտմանը, իսկ անձը ձգտում է հասնել իր համար ցանկալի արդյունքին կամ նպատակին,
  • Իրավունքի չարաշահումը կամային գործընթաց է, այսինքն, անձը գիտակցում է, որ ինքն իր սուբյեկտիվ իրավունքը չարաշահում է, հետևաբար՝ պետք է կանխատեսի, որ կարող է վնաս պատճառել պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերին:

ՀՀ իրավական համակարգում իրավունքի չարաշահման արգելքը ամրագրվել է, ի թիվս այլնի, նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ նաև՝ Օրենսգիրք)։

Մասնավորապես՝

Օրենսգրքի 12-րդ հոդվածը սահմանում է

  • Քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում:
  • Մրցակցության սահմանափակման նպատակներով քաղաքացիական իրավունքներն օգտագործել, ինչպես նաև շուկայում գերիշխող դրությունը չարաշահել չի թույլատրվում:
  • Նույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշտպանության հարցում:

Վերոգրյալից հետևում է, որ արգելվում են ինչպես բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ իրականացված գործողությունները (շիկանա), այնպես էլ իրավունքն այլ ձևով չարաշահելը․

Ընդգծված ուշադրության է արժանացել մրցակցության սահմանափակման նպատակներով քաղաքացիական իրավունքների օգտագործման, ինչպես նաև շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու արգելքը․

Որպես իրավունքի չարաշահման իրավական հետևանք՝ սահմանվել է վեճը լուծող մարմնի կողմից սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության մերժման հնարավորությունը։ Իրավունքի չարաշահման դիտանկյունից օրենքի խախտմամբ ձեռք բերված կամ ձևականորեն օրենքի պահպանմամբ, սակայն իրավունքի նպատակային նշանակությանը հակառակ գործելու մտադրությամբ, այսինքն` իրավունքի չարաշահմամբ ձեռք բերված սուբյեկտիվ իրավունքը ենթակա չէ պաշտպանության։

Հարկ է նաև նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2021թ․ հոկտեմբերի 12-ին թիվ ՍԴՈ-1613 որոշմամբ արձանագրել է, որ օրենքում «իրավունքի չարաշահում» հասկացության և հատկանիշների բացահայտված չլինելն ինքնին չի կարող գնահատվել իբրև խնդրահարույց իրավական որոշակիության տեսանկյունից (տե´ս ՀՀ սահմանադրական դատարանի 12 հոկտեմբերի 2021 թվականի թիվ  ՍԴՈ-1613)։