Արդյո՞ք «Գովազդի մասին» օրենքը բխում է հանրային շահից

Համաձայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների՝ նախատեսվում է արգելել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների կամ դրանց կազմակերպիչների գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով՝ որոշ բացառություններով։

Անշուշտ, նախագծի հիմնավորումից բխող իրավաչափ նպատակի՝ հանրային առավելագույն օգուտի ապահովման անհրաժեշտության հետ դժվար է չհամաձայնել, այդուհանդերձ, միայն նպատակի թիրախավորումը կարող է բավարար չլինել։ Անհրաժեշտ է նաև արդյունավետ գործիքակազմ նպատակին հասնելու և թիրախավորած նպատակներից դուրս գործող շահերին վնաս չպատճառելու համար։ Պետք է նկատի ունենալ, որ «հանրային շահը» ներառում է նաև այլ կոմպոնենտներ, որոնք ևս պետք է բավարար չափով ուշադրության արժանանան։ Մասնավորապես․

Օրենքն ընգրկում է շահառուների ավելի լայն շրջանակ։

Կասկած չի հարուցում, որ ոլորտի գովազդի սահամանափակումները շոշափելու են ոչ միայն անմիջական հասցեատերերի՝ տոտալիզատորների կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների շահերը, այլ նաև փոփոխությունն ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ, որի արդյունքում փոփոխությունների բացասական ազդեցությունը կրելու են նաև մեդիա ոլորտի տնտեսվարողները։ Պահանջարկի էական նվազման տնտեսական շղթան, իր մեջ ներառելու է նաև գովազդ արտադրող և գովազդակիր ընկերություններին։

«Հանրային շահի» ամբողջական ընկալում։

Առանձին քննարկման առարկա է օրենքի հիմնավորումների փաստարկվածությունը․ միանշանակ պնդումների հիմքում, տնտեսական հաշվարկներ, ըստ էության, դրված չեն։ Եվ եթե միակ չափանիշը գովազդվող պրոդուկտի բացարձակ հանրային օգտակարությունն է, ապա նույն տրամաբանությամբ կարելի է արգելել գազավորված ըմպելիքի ցանկացած գովազդ։ Մարդկային պահանջմունքները ենթադրում են նաև որոշ դեպքերում օգտակարության ընդհանուր պատկերացումներից դուրս ցանկություններ, իսկ ծայրահեղ իրավիճակներում հանրային շահի պաշտպանությունը կատարվում է իրավիճակային կիրառման ենթակա ինստիտուտների միջոցով ինչպիսին, օրինակ, անձին սահմանափակ գործունակ ճանաչելու մեխանզմն է։ Այս փուլում կարելի է ենթադրել, որ փոփոխությունների արդյունքում կրճատվելու և սահամանփակվելու են միայն ՀՀ հարկատու ընկերությունների կողմից վճարվող հարկերի ծավալները, սահմանափակումների հասցեատերերը դառնալու են ռեզիդենտ խաղային ոլորտի կազմակերպությունները, իսկ մրցակից օտարերկրյա խաղացողների կողմից ՀՀ օրենքների կիրառման շրջանակից դուրս գործող մեխանիզմներով, այդ թվում՝ օտարերկրյա մեդիա ընկերությունների միջոցով ցուցադրվող գովազդները ինտերնետային տիրույթում հավասարապես հասանելի են դառնալու ՀՀ սպառողներին։ Արդյունքում, տուժելու են հայաստանյան ընկերությունները, և շատ է հավանական որ չեն շահելու ՀՀ սպառողները։

Պատշաճ գործիքակազմ։ Տեխնիկապես հնարավոր է արդյո՞ք իրագործել ինտերնետային հասանելիության հայաստանյան տիրույթում տոտալիզատորների և ինտերնետ շահումով խաղերի գովազդի արգելքը։

Տեսականորեն միգուցե, սակայն գործնականում կիրառվող սահամանփակումների ազդեցությունը կարելի է տարածել միայն ռեզիդենտ կազմակերպությունների վրա։ Օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող նույնատիպ ծառայությունների գովազդը ՀՀ սպառողների շրջանում, թերևս, գործնականում դժվար է սահմանափակել։ Արդյունքում, ինտերնետային շահումով խաղերի և տոտալիազտորների ներպետական շուկայում ազգային ընկերությունները օտարերկրյա ընկերությունների համեմատությամբ հայտվելու են համեմատաբար առավել անբարենպաստ վիճակում։ Ինտերնետային հասանելիության տիրույթում տարածքային սահմանների բացակայությունը հանգեցնելու է օրենքով սահմանվող պահանջների գործնական կիրառելիության անհստակության, որի արդյունքում ՀՀ-ից հասանելի համացանցային ամբողջ տիրույթում շրջանառվող նպատատիպ գովազդների պարագայում, օրենքի կիրառությունը փաստացի դառնալու է անհնար, իսկ ՀՀ սպառողական շուկայի պաշտպանության նպատակը գործնականում մնալու է անկատար։